Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սերժ Սարգսյան. «Մեր նպատակը վարորդներից փող կորզելը չպետք է լինի»

Սերժ Սարգսյան. «Մեր նպատակը վարորդներից փող կորզելը չպետք է լինի»
03.11.2016 | 08:28

Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է հրավիրել ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողական համակարգերի և վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման ծրագրի քննարկման նպատակով:
Խորհրդակցությանը մասնակցել են նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Ֆելիքս Ցոլակյանը, Հայաստանի գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը, Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ Եգոր Կարապետյանը, աշխատակազմի պաշտոնատար անձինք:


Քննարկվել են ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողական համակարգերի և վճարովի ավտոկայանատեղերի ծրագրի ներդրման հիմնական արդյունքներն ու ֆինանսական ցուցանիշները, ճանապարհային երթևեկության կարգավորման ոլորտի խնդիրների մշտադիտարկման վերաբերյալ նախագահի վերահսկողական ծառայության ուսումնասիրության եզրակացությունները: Նախագահը իր դիտարկումներն է ներկայացրել քննարկվող թեմայի վերաբերյալ և տվել հանձնարարականներ:


«Ճանապարհային երթևեկության կարգավորման մասին մենք շատ ենք խոսել: Սա մշտական թեմա է, ուրեմն ուշադրությունն էլ անհրաժեշտ է, որ լինի մշտական: Երեք-չորս տարի առաջ, հաշվի առնելով Երևանում և ընդհանրապես հանրապետությունում մեքենաների թվի անշեղորեն աճը և սրա հետ կապված նաև անհարմարությունների ավելացումը, մենք, ուսումնասիրելով միջազգային փորձը, որոշում կայացրինք պետություն-մասնավոր համագործակցության միջոցով սկզբից Երևանում, այնուհետև հանրապետության հիմնական մայրուղիներում ներդնել համապատասխան համակարգ, որի նպատակն էր քչացնել մարդկային գործոնի ազդեցությունն այդ պրոցեսների վրա, պետավտոտեսուչներին հնարավորինս զերծ պահել ճնշումներից, քչացնել նրանց կողմից կոռուպցիոն ռիսկերի առկայությունը: Արդյունքում մենք շատ լավ գիտակցելով, որ կունենանք դժգոհություններ, շահարկումներ, այսօր եկանք այն եզրակացության, որ, իհարկե, զգալի աշխատանք է կատարվել, թեև դրանից դժգոհությունները չեն քչացել: Հասկանալի է: Բայց մյուս կողմից մենք պարտավոր ենք արձանագրել, որ բարձրացել է վարորդների իրավագիտակցության մակարդակը, որոշակի խնդիրներ լուծվել են, սակայն ամեն հանգրվանում մենք պետք է ունենանք նոր մոտեցումներ:


Մեկ տարի առաջ մենք այստեղ խորհրդակցություն անցկացրինք, մեկ անգամ ևս ընդգծեցինք, որ այդ համակարգերի ներդրումը պայմանավորված չէր ֆինանսական ակնկալիքներով, և տուգանքները ոչ թե վարորդներից փող կորզելու միջոց են, այլ կանխարգելիչ բնույթ ունեն: Այսինքն` տուգանքը նպատակ չի, ընդամենը միջոց է, որ այդ խնդիրները կարգավորվեն: Եվ մենք հանձնարարություն տվեցինք համապատասխան մարմիններին՝ մեկ անգամ ևս ուշադրությամբ ուսումնասիրել ողջ գործընթացը, և եթե որոշակի խնդիրներ կային, դրանց տալ լուծումներ: Սկսած հենց երթևեկության կանոնների կարգավորումից, ավարտած տուգանքների չափերով», - ասել է նախագահը: Սարգսյանի խոսքով՝ խորհրդակցությունը երկու նպատակ ունի. «Նախ՝ հասկանալ, թե նախորդ խորհրդակցության արդյունքում ի՞նչ է կատարվել, երկրորդ՝ հայտարարել, որ մեր կարծիքով, մենք եկել, հասել ենք այն փուլին, երբ այդ համակարգերը շահագործող ընկերությունները, կատարելով մեծ ներդրումներ, որոշակի ֆինանսական խնդիրներ են լուծել, և ժամանակն է, որպեսզի ողջ ֆինանսական հոսքերը կառավարվեն պետական և համայնքային կառույցների կողմից»:


Նախագահը հանձնարարել է կառավարությանը լուծել այս հարցը` հաշվի առնելով սեփականության անձեռնմխելիությունը ու նաև պետության ու համայնքի շահերը:
«Ես կարծում եմ, որ լուծումները կան և այդ լուծումները նաև պիտի բերեն մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը: Նույն հանձնարարությունը Ոստիկանապետին, Երևանի քաղաքապետին: Եվ ժամկետների առումով, կարծում եմ, որ մեկ շաբաթը կամ տասը օրը բավարար է, որ բանակցություններ վարվեն և որոշումներ կայացվեն: Մեկ անգամ ևս կրկնում եմ՝ այս պարագայում ևս նպատակը վարորդներից փող կորզելը չպետք է լինի, նպատակը պետք է լինի մեր քաղաքացիների համար հարմարավետ պայմանների ստեղծումը», - ասել է նախագահը: Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Ֆելիքս Ցոլակյանը նշել է, որ ճանապարհային երթևեկության կարգավորման խնդիրները մշտադիտարկելու, բարեփոխումների ընթացքը համակարգելու և հեռանկարային ծրագրեր առաջարկելու նպատակով ոստիկանության պետի հրամանով ոստիկանության պետի տեղակալ Ս.Հովհաննիսյանի նախագահությամբ ստեղծվել է հանձնաժողով և ուսումնասիրել Երևանում ճանապարհային երթևեկության կազմակերպման խնդիրները:


Ոստիկանության պետը զեկուցել է «Սեքյուրիթի Դրիմ» ըկերության հետ տարվող աշխատանքների մասին, Երևանի քաղաքապետը ներկայացրել է «Փարկինգ Սիթի Սերվիս» և «Լոկատոր» ՓԲԸ կոնսորցիումի հետ վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման աշխատանքների ընթացիկ վիճակը: Գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարը զեկուցել է վարչական տույժերի հարկադիր կատարման ընթացքում առաջացած խնդիրների և գույքի վրա արգելանք դնելու մասին ծանուցումն ապահովելու համար քաղաքացիներին անվճար տեղեկացման մեխանիզմների ներդրման ընթացքի մասին:
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ նախագահը հանձնարարել է ոստիկանապետին և առաջարկել Երևանի քաղաքապետին՝ «Սեքյուրիթի դրիմ» ընկերության և «Փարկինգ Սիթի Սերվիս» ու «Լոկատոր» ընկերությունների կոնսորցիումի հետ բանակցությունների արդյունքում 10-օրյա ժամկետում իրավական մեխանիզմներ մշակել, որ սեփականության ձևով պայմանավորված նրանց գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումն անցնեն պետական և համայնքային կառույցներին: Միաժամանակ, քննարկել այդ համակարգերում մարդկային գործոնի ազդեցության նվազեցմանն ու կողմնակի միջամտությունները բացառող բոլոր վերահսկողական կառուցակարգերի լիարժեք պահպանման ու շարունակական կատարելագործման հնարավորությունները՝ առաջարկները ներկայացնելով կառավարության քննարկմանը: Ոստիկանության պետին հանձնարարվել է նաև շահագրգիռ պետական և համայնքային մարմինների հետ համատեղ ուսումնասիրել երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողության և վճարովի ավտոկայանատեղերի կանոնակարգման ծառայությունների մատուցման ոլորտում անհրաժեշտ որակական նոր չափանիշների ներդրման անհրաժեշտությունը՝ համապատասխան առաջարկությունները ներկայացնելով կառավարության քննարկմանը: Մինչև տարեվերջ ձեռնամուխ լինել ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգի մշակմանը ու ընդունմանը՝ սահմանելով հստակ ժամկետներ և չափելի, էական արդյունքներ: Լրացուցիչ միջոցառումներ մշակել վարչական տույժերի նշանակման վերաբերյալ քաղաքացիների պատշաճ իրազեկման գործող մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ՝ առաջարկությունները ներկայացնելով կառավարության քննարկմանը:


Արդարադատության նախարարին հանձնարարվել է ոստիկանության պետի հետ համատեղ քննարկել և 20-օրյա ժամկետում միջոցներ ձեռնարկել վարչական տույժերի հարկադիր կատարման հետ կապված արգելանք դնելու մասին պատշաճ ծանուցումն ապահովելու անհրաժեշտ գործիքակազմի ներդրման ուղղությամբ:

Դիտվել է՝ 1039

Մեկնաբանություններ